27/01/2021 11:41
Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած մոտ 6000 զինծառայող կստանա 500 հազար դրամ աջակցություն
Կառավարության այսօրվա նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը:
Առաջարկվում է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն 500 հազար դրամի չափով՝ բացառությամբ առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ովքեր արդեն ստանում են ֆինանսական աջակցություն:
Նախարարը նշեց՝ թեև որոշ անձանց մոտ վիրավորումները բավականին թեթև են եղել, սակայն այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության խնդիր են ունեցել ու սրանով կարգավորում են սոցիալական խնդիրները:
«Միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի», - ասաց Առաքելյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս որոշումը նոյեմբերի 18-ի իր հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ է: