28/01/2021 11:31
Այս օրերին մեր բանակը յուրօրինակ փորձություն է ապրում, որից անկասկած պիտի դուրս գա առավել զորեղ. Արմեն Գրիգորյան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Հայոց բանակի օրը:
«Շնորհավորում եմ բոլորին Հայոց բանակի օրվա առթիվ, հայրենիքի սահմանների պաշտպանությանը զինվորագրված գեներալներից, սպաներից ու զինվորներից մինչև աշխարհազորայիններ ու կամավորականներ։
Պատահական չէ, որ այս օրը մասնագիտական տոն լինելուց բացի նաև համապետական և համազգային տոն է մեր հանրային ընկալման մեջ: Այս գիտակցումը առավել ամրացավ վերջին իրադարձությունների բերումով, երբ բոլորս, մեր տեղերում, անդամագրվեցինք հայրենիքի պաշտպանության գործին՝ առաջնագծից մինչև թիկունք դառնալով հայոց բանակի մեծ ընտանիքի մի մասնիկը:
Հիրավի, այս օրերին մեր բանակը յուրօրինակ փորձություն է ապրում, որից անկասկած պիտի դուրս գա առավել զորեղ, կայացած ու ժամանակի մարտահրավերներին պատրաստ: Անվտանգային նոր իրողություններին մեր բանակի ներդաշնակեցումը պիտի դառնա առաջնային հրամայական և սրանում մեր բոլորիս անելիքը չափազանց մեծ է:
Իհարկե, բանակի օրը տոն լինելուց զատ ունի նաև հիշատակի խորհուրդ, այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք նաև բոլոր այն նվիրյալներին ովքեր կանգնած էին հայոց բանակի ստեղծման ակունքներում, նրանց, ում հերոսության, իսկ հաճախ և կյանքի գնով հաղթեցինք ինչպես 1991-1994թթ. Արցախյան պատերազմում, այնպես էլ դիմակայեցինք վերջին պատերազմական գործողություններում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս համազգային այս տոնի առթիվ: Փա՛ռք Հայոց բանակին», - նշված է ուղերձում: