28/01/2021 13:37
«Բացառիկ երևույթ էր». ԵՊՀ գրադարանի ընթերցասրահն անվանակոչվեց Շուշիի մարտերում զոհված Գևորգ Արշակյանի պատվին
ԵՊՀ գրադարանի ընթերցասրահն անվանակոչվեց Շուշիի մարտերում զոհված Գևորգ Արշակյանի պատվին։
«Գևորգի կերպարը հայ զավակի օրինակելի կերպար էր, նա ուսման ծարավ էր, սովորում էր մի քանի ֆակուլտետում, հայրենիքի նվիրյալ զավակ էր», - լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։
Նա ասաց, թե որոշել են ընթերցասրահը անվանակոչել Գևորգի պատվին, որ ուսանողները հնարավորություն ունենան գալ, կրթվել ու շարունակել Գևորգի գործը։
ԵՊԲ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն էլ ասաց, թե Գևորգ Արշակյանը բացառիկ երևույթ էր։
«Համոզված եմ, որ Գևորգի նման շատ չէ, բայց կլինեն ևս այդպիսիք», - ասաց Ղազինյանը։
Նրա խոսքով՝ Գևորգը «խորքից էր հայ»։
«Հավերժ փառք, Գևորգն ու իր նմանները ֆիզիկապես մահանում են, բայց մեզ հետ լինում են, ասում են՝ քանի դեռ մարդկանց հիշում ես, նրանք ապրում են», - ասաց Գագիկ Ղազինյանը։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էլ նշեց, որ Գևորգ Արշակյանին սիրել է իրբև կրտսեր զավակի, իբրև կրստեր ընկերոջ։
«Շնորհակալություն քեզ, Գևորգ, խոնարհում և հարգանք»,-ասաց դեկանը։
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն էլ ասաց, թե Գևորգին հանդիպելիս հպարտություն է ապրել։
«Գևորգը չի մահացել...փառք Գևորգին»,-ասաց նա։
Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն ասաց, որ Գևորգը գիտակցում էր, թե ուր է գնում ու ինչի համար է գնում։
«Ինքը գնում էր հայրենիքը պաշտպանելու ու մահվանն ընդառաջ։ Տիկին Նաիրա, շնորհակալ ենք ձեզ՝ մեզ Գևորգին նվիրելու համար, Գևորգն արդեն միայն ձերը չէ, այլ՝ ժողովրդինն է»,-ասաց Վարագյանը։