02/02/2021 09:35
«Հրապարակ». Այսօր կայանալու է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանի, Գագիկ Ծառուկյանի և Վազգեն Մանուկյանի հանդիպումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, ով վարակվել էր կորոնավիրուսով և հունվարի 17-ից ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, երեկվանից դուրս է եկել ինքնամեկուսացումից։ Նա հիվանդությունը շատ թեթև է տարել, ապա թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, և երեկվանից արդեն գրասենյակում է։
Մեր տեղեկություններով՝ այսօր կայանալու է վեց լիդերների ֆորմատով հանդիպումը, որին, հիշեցնենք, մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը և Վազգեն Մանուկյանը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երեկ հարցրինք՝ կայանալո՞ւ է արդյոք հանդիպումը, և ի՞նչ են քննարկելու։ «Սերժ Սարգսյանն ապաքինվել է և այսօրվանից ֆուլ աշխատանքային հանդիպումների մեջ է, այդ թվում՝ քաղաքական և տարբեր ձևաչափերով, գուցեև՝ Ձեր ասած, գուցեև՝ տարբեր»,- ասաց նա։
Մեր տեղեկություններով, այդ հանդիպումը որոշելու է Հայրենիքի փրկության ճակատի ճակատագիրը։ Ըստ ամենայնի, ընդդիմությունը կհայտարարի դրա գործունեության ավարտը և նոր փուլի սկիզբը»։