02/02/2021 09:51
«Փաստ». Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանին նույնպես ցանկանում է փոխել
«Փաստ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ Հայաստանի դեսպանների քաղաքական նշանակումները չեն սահմանափակվելու Լիլիթ Մակունցով (ԱՄՆ) և Վլադիմիր Կարապետյանով (Ուկրաինա): Ճիշտ է, հատկապես Մակունցի հետ կապված կտրուկ դեմ են արտահայտվել թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական շրջանակները, թե՛ ԱՄՆ լոբբիստական հիմնական կառույցները, և դեռևս պարզ չէ, թե ինչ վերջնարդյունք կունենա այս հարցը, սակայն Փաշինյանը մտադիր է շարունակել «գրպանային» քաղաքական նշանակումները:
Մասնավորաբար, նա հաջորդ նման նշանակումը կանի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի պաշտոնում: Թերթի աղբյուրները դեռևս չեն որոշակիացնում, թե ով է նշանակվելու Մոսկվայում, սակայն պնդում են, որ Փաշինյանը հստակ որոշում ունի ՌԴ-ում փոխել դեսպանին և նշանակել բացառապես քաղաքական անձի: Թեկնածուի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին։