09/02/2021 18:13
Պատերազմի բժիշկները. Գայանե Պապոյան. 23-ամյա աղջիկ, ով օգնեց փրկել հարյուրավոր կյանքեր (Տեսանյութ)
«Մենք հերոս չենք», - ասում է 23-ամյա Գայան Պապոյանն, ով սեպտեմբերի 27-ից մեկնել է Արցախ՝ վիրավորներին օգնելու։
Արցախ գնալու մասին միայն քույրն է իմացել. մայրիկն ու հայրիկն իմացել են այն ժամանակ, երբ արդեն ճանապարհին էր։
«Մամաս մի քիչ հուզվեց, չկարողացավ խոսել, պապան քաջալերեց։ Ես մտածում էի՝ ինձ հետ կպահեն, բայց պապան ինձ ուժ տվեց», - պատմում է Գայանեն։
Որպես աղջիկ՝ միշտ ուշադրության կենտրոնում է եղել, բայց չի թողել խղճան իրեն, ասեն՝ «էս մի արեք, էն մի արեք». ամեն ձևով փորձել է օգնել։
ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանողը հանդիպել է ամենածանր վիրավորում ունեցած զինվորներին։
Հիշում է՝ զինվորներից մեկին պետք է վիրահատեին տեղային անզգայացումով. անզգայացրել են ուսագոտին ու զինվորը կարծել է՝ թևն անդամահատել են։
«Ասում էր՝ «իմ ուսը կտրել եք, ես էլ թև չունեմ», բայց ասում էինք՝ «չէ, դուք թև ունեք, ամեն ինչ նորմալ է». վերջում ինքը տեսավ, որ ամեն ինչ նորմալ է», - հիշում է Գայանեն։
Ասում է, որ պատերազմից հետո պետք է ավելի արժևորել կյանքն ու ավելորդ բաների վրա ժամանակ չծախսել։
Չի սիրում, երբ ասում են՝ «դուք հերոս եք»։
«Ես չեմ ընդունում դա, իմ համար հերոսներն այն տղաներն, ովքեր այս պահին սահմանին են, ովքեր հերոսաբար ընկել են», - նշում է Գայանե Պապոյանը։