15/02/2021 10:00
Աշակերտին գնահատե՞լն է ճիշտ, թե՞ չգնահատելը. մասնագետները կանխատեսում են փոփոխությունների արդյունքներն ու հետևանքները
Դպրոցների գնահատման համակարգում կտրուկ փոփոխություն է կատարվում. կառավարությունը հանրակրթության պետական չափորոշիչ է հաստատել: Առաջարկվում է կրտսեր դպրոցում հրաժարվել միավորային գնահատումից, փոխարենը կիրառել խրախուսական բնութագրումներ: Աշակերտներին ուսուցիչները գնահատական կնշանակեն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից: Նշվածից զատ՝ առաջարկվում է նաև հրաժարվել «անբավարար» գնահատականից: Դա նշանակում է, որ նույն դասարանում մնալու ինստիտուտն այլևս չի գործի:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է՝ փոփոխությունների ժամանակ մասնակցայնության սկզբունքը խախտվել է: Aysor.am-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ փոփոխությունը դպրոցներում կիրառողների կարծիքը հաշվի չի առնվել:
«Մասնագետների, ծնողների և ուսուցիչների կարծիքով՝ երկու բացասական կողմ կա: Առաջին՝ մրցակցությունը, որը կրթության մեջ որակ է ապահովում, կարող է տուժել: Եթե երեխաները չեն գնահատվում, ծնողներն այդ առումով երեխային չեն հետևում, երեխայի մոտիվացին թուլանում է: Երկրորդ՝ ուսուցիչները, որոնք տարիներ շարունակ մի մեթոդաբանություն են կիրառում՝ թվանիշներ են նշանակում, դրանով խրախուսում կամ հակառակը, ինչպե՞ս են կարողանալու առանց այդ մեթոդների աշխատել», - ասում է փորձագետը:
Մխիթարյանը չի կարծում, որ դա միանգամից հնարավոր կլինի, ըստ նրա, դա ևս կրթության որակի իջեցման կբերի:
«Չենք ասում, որ այդ մեթոդը չի աշխատելու: Կան երկրներ, որոնք դա կիրառում են, բայց նրանց ուսուցիչները տարիներ շարունակ պատրաստվել են, այդ մեթոդները յուրացրել են ու կրթական ամբողջ համակարգը անհատականացված ծրագրերով է», - դրսի փորձը ներկայացրեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ մեզ մոտ կրթության ոլորտում յուրաքանչյուր փոփոխություն պետք է ամրապնդվի, հետո միայն կիրառվի:
Թվանշանի փոխարեն առաջարկվող խրախուսման մեթոդներն էլ, Մխիթարյանի խոսքով, պետք է լինեն ընթացում՝ ամեն դասի ժամանակ: Նա նկատեց, որ այդ մասին մասնագետները պետք է հոգ տանեն,աշխատեն ուսուցիչների հետ, միասին մտածեն խրախուսման մեթոդները:
Մանկավարժ Արմիկ Խոսրովյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խրախուսանքի միջոցները գոնե պետք է գրավիչ ու ոգևորող լինեն: Իսկ, ընդհանուր առմամբ, առաջարկվող փոփոխությունը լավ գաղափար չի համարում: Մանկավարժի կարծիքով՝ երեխաների մոտիվացիան կկորի:
«Գնահատականը ճիշտ է», - ասում է մանկավարժը:
Հոգեբանության տեսանկյունից հոգեբան Կարինե Նալչաջյանն առաջարկվող տարբերակներում, ինչ-որ իմաստով, դրական բան տեսնում է.
«Երեխաներ կան, որոնք ավելի ուշ են «բացվում», օրինակ, երրորդ դասարանից են հունի մեջ ընկնում ու շատ լավ արդյունքներ են գրանցում: Եվ եթե ավելի ցածր դասարանում նա իր վրա զգա վատ գնահատական ստացողի դրոշմը, ինքնագնահատականն այդպիսին լինի, հաջողությունները շատ ավելի դժվար կլինեն, ընդունակություններն ավելի դժարությամբ կդրսևորի»:
Բայց, միաժամանակ, հոգեբանն ընդգծում է, որ գնահատելու համար 5-րդ դասարանը բարձր շեմ է: Նրա կարծիքով՝ երրորդ դասարանից կարելի է արդեն գնահատել:
Հոգեբանը, սակայն, անբավարար գնահատականը հանելու իմաստը չի հասկանում, քանի որ նույն դասարանում մնալու ինստիտուտն ուժեղ արտահայտված դեպքերում կարող է գործել. «Դա էլ կարող է մոտիվացիա առաջացնել»:
Ի վերջո, մեր իրականության մեջ սովորում ենք հանուն գնահատականի՞, թե՞ հանուն գիտելիքի, կրթության փորձագետ Արմիկ Խոսրովյանը հարցին այսպես պատասխանեց.
«Շատերը ձևականության հետևից են գնում՝ և՛ հանրակրթության, և՛ բարձրագույն կրթության ոլորտում: Նրանից է, որ կրթական համակարգն անջրպետված, տնտեսությունից կտրված է»:
Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ կրթական համակարգում փոխանցածը որևէ կապ չունի տնտեսության հետ: Մինչդեռ կրթությունը պետք է ծառայի նորարարարություն ստեղծող քաղաքացիներ դաստիարակելուն, միտքը պետք է զարգանա:
Իսկ քանի դեռ դա կրթական համակարգի կայացման հիմքում չի դրվում, Մխիթարյանի խոսքով, շարունակելու ենք ձևականություններ ունենալ՝ ինչպես հիմա է: