20/02/2021 16:38
Ջրի խնդիրները Տեխասում անդրադարձել են գրեթե 15 միլիոն մարդու վրա
Ջրային համակարգերի շահագործման հետ կապված խնդիրներից, որոնք առաջացել են Տեխասում անոմալ ցուրտ և ձնոտ եղանակի պատճառով, տուժել է 14,9 միլիոն մարդ, հայտնում է CNN-ը՝ հղում անելով շրջակա միջավայրի որակի հանձնաժողովին:
Պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Թիֆանի Յանգի խոսքով՝ եղանակային վատ պայմանների պատճառով նահանգում ընդհատումներ են եղել ավելի քան 1,3 հազար ջրամատակարարման համակարգերի աշխատանքներում: Նահանգի մայրաքաղաք Օսթինում 325 միլիոն գալոն (մոտ 1,2 միլիարդ լիտր) ջուր կորել է խողովակների պայթյունի պատճառով: Տեխասի ամենամեծ քաղաքի՝ Հյուսթոնի, իշխանությունները հաղորդումներ են ստացել մոտ 5000 խողովակի վնասման մասին:
Հեռուստաալիքի համաձայն՝ իշխանությունները նախազգուշացնում են Տեխասի բնակիչներին, որ չնայած այն հանգամանքին, որ շրջանում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներն ավելի մեծ մասշտաբով են լուծվում, ջրի պակասը պահպանվում է:
Անոմալ ցուրտ և ձնոտ եղանակը, որն արդեն 50 մարդու կյանք է խլել, հաստատվել է Միացյալ Նահանգների մի շարք շրջաններում: Տեխասը դարձել է առավել տուժածներից մեկը: