20/02/2021 14:13
Հաղթանակի բերկրանքն արբեցրել էր. Արցախի ԱԺ խմբակցությունների ուղերձը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները շնորհավորանքի ուղերձ են հղել արցախյան ազգային-ազատագրական շարժման 33-ամյա տարեդարձի առթիվ:
«Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին մարմնավորվեց Արցախով:
1988թվականի փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 33 տարի առաջ փետրվարյան այս օրերին դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի ազգային մտորումների սևեռակետը: Արցախյան ազատագրական շարժումը իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը: Հայկական աշխարհում ամեն մի իրադարձություն վերջին 33 տարիների ընթացքում մեկնարկեց և իրագործվեց Արցախից ստացած գաղափարական ներուժով և լիցքով:
Արցախը վերարժևորեց հայի արժանապատվությունը և ապրելու կամքն ու վճռականությունը: Հայն այլևս ցեղասպան չէր պատկերվում աշխարհին: Արցախյան ազատագրական պայքարը վերածնեց հային:
Ավա՜ղ, Արցախի Հանրապետությունն այսօր վիրավոր է: Վիրավոր է յուրաքանչյուր հայի ոգի ու ինքնասիրություն: Հաղթանակի բերկրանքն արբեցրել էր մեզ, իսկ դարանակալ ոսոխին նախապատրաստել պատուհասելու մեր գլխին նոր արհավիրքներ: 2020թվականի արյունոտ աշնան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր հայրենիքի 3 քառորդը և մի ողջ սերունդ: Բայց հայի վերընձյուղվելու կամքն ու վճռականությունը երբեք թույլ չի տվել հուսահատվել: Փետրվարյան վերածննդի շունչը, որը սերմանեց պայքարի ոգի և մեր հայրենիքի, մեր պետականության համար թափված արյունն ու քրտինքը չպետք է թույլ տա մեզ ընկրկելու:
Ժամն է վերակազմակերպվելու, վերարժևորելու մեր յուրաքանչյուր քայլ ու ցուցաբերելու մեր պահանջատիրությունը, պահն է մեր պատժիչ բռունցքը ցույց տալու բոլոր նրանց, ովքեր կցանկանան թերաժևորել մեզ և ոտնահարել մեր իրավունքները:
Փետրվարյան խիզախությունը պետք է մեր ուղեկիցն ու ռահվիրան դառնա և մեզ փոխանցի այն ոգին, որով, անկասկած, վերակենդանանալու և կերտելու ենք մեր հաղթական ապագան:
Կրկին շնորհավորելով բոլորիս հիշարժան տոնի կապակցությամբ՝ մաղթում ենք խաղաղություն, բարօրություն և հաղթանակներ` ի փառս մեր հերոսական ժողովրդի և Արցախի Հանրապետության:
Թո΄ղ փետրվարյան զարթոնքի օրերը նոր վերածննդի էջ բացեն Արցախի պատմության հերոսական մատյանում», - նշված է ուղերձում: