22/02/2021 12:17
Ադրբեջանն արգելում է աճյունների որոնումը, իսկ ՀՀ իշխանությունը ձերբակալում ու կալանավորում է հակաադրբեջանական պայքարում ներգրավված փորձագետներին. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, Ֆեյսբուքյան էջում ընդգծել է, որ Ադրբեջանն առանց պատճառաբանության արգելել է աճյունների հայտնաբերման աշխատանքների, իսկ նույն ժամանակահատվածում ՀՀ իշխանությունը զբաղված է հակաադրբեջանական պայքարում ներգրավված փորձագետների հետապնդմամբ, ձերբակալմամբ, կալանավորմամբ:
«Արցախի մասին առավոտյան լրահոսն եմ աչքի անցկացնում։ Ռուս խաղաղապահներն ապահովվել են Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյունների անվտանգ անցումը. 4-ը՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղությամբ, 1-ը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար, 1-ը՝ հակառակ ուղղությամբ:
Հաջորդ տհաճ լուրը՝ ադրբեջանական կողմն առանց պատճառաբանության արգելել է որոնողական խմբերի՝ աճյունների հայտնաբերման աշխատանքներն Ադրբեջանի օկուպացրած շրջաններում։ Իսկ նույն ժամերին Հայաստանի իշխանությունը զբաղված է ինչ-որ ֆեյքի հայտնաբերման շրջանակներում, ընդդիմադիր դեմքերի, հակաադրբեջանական պայքարում ներգրավված փորձագետների հետապնդմամբ /ձերբակալմամբ/ կականավորմամբ», - գրել է Աբրահամյանը։