23/02/2021 15:34
Մեր հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ. Ալեն Սիմոնյանն անտեղի է համարում Ռադիոտուն մտնելը համեմատել «Ազատություն» ռադիոկայան մտնելու հետ
ՀՀ-ի իշխանությունը պետք է գործի օրենքի շրջանակներում, ինչն էլ եղել է հեղափոխությունից այս կողմ, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով իմքայլական Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե «եթե մարդիկ մտածում են, որ շենքեր պետք է գրավեն, պետք է մտածեն նաև, որ իրենց վրա կարող են կրակել»։
«Ընդդիմության երթերը գլխավորող դերակատարներից մի քանիսը, որոնք գիշերվա հազարին ներխուժել էին «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ, մարդիկ, ովքեր խոսում են շենքեր գրավելու, միտինգներ անելու մասին, որ մտել էին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակ և ջարդուխուրդ էին անում, այդ մարդիկ օրենքի շրջանակում ստանալու են համապատասխան պատասխանը», - ասաց Սիմոնյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե իրենք էլ հեղափոխություն իրականացնելիս շենքեր էին գրավում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց.
«Մեր հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ, որևիցե բռնության կոչ չի եղել։ Ռադիոտուն մտնելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, այս դեպքում նույնպես քրեական գործեր կհարուցվեն և իշխանությունը կգործի իր լիազորությունների շրջանակում», - ասաց նա։
Սիմոնյանն անտեղի համարեց Ռադիոտուն մտնելը համեմատել, օրինակ, «Ազատություն» ռադիոկայան մտնելու հետ։
«Ռադիոտուն մտնելը համեմատել կառավարական առանձնատուն, «Ազատության» ռադիոկայան մտնելու և ջարդուխուրդ անելու հետ, համարում եմ անտեղի», - ասաց Ալեն Սիմոնյանը։