23/02/2021 14:45
Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերն՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին. Դեսպան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունեց Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին, հայտնում են ԱԺ-ից:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանն իր ավանդը կունենա Հայաստանի և Բելառուսի գործընկերային հարաբերությունների առավել խորացման գործում:
Ազգային ժողովի նախագահը նշեց, որ դեսպանի պաշտոնավարման մեկնարկը Հայաստանում համընկել է հետպատերազմական շրջանի հետ: Անդրադարձ կատարելով Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը՝ խորհրդարանի խոսնակը նշեց, որ եռակողմ հայտարարության լիակատար կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմն օր առաջ վերադարձնի բոլոր ռազմագերիներին և այլ գերեվարված անձանց: Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ պաշտոնական Մինսկն այս հարցի կապակցությամբ կունենա իր միանշանակ տեսակետը և կփորձի նպաստել ռազմագերիների շուտափույթ վերադարձին:
Դեսպան Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրեց, որ պատրաստ է ներդնել բոլոր ուժերը ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման: Նա կարևորեց Արցախում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը և հավաստիացրեց, որ Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում երկու երկրների խորհրդարանականների միջև փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր: