24/02/2021 10:51
Նրանք մտածում են, որ Արա Սաղաթելյանին կալանավորելով՝ Միքայել Մինասյանի ողջ թիմը կպարալիզացվի, բայց մեզ ինչքան բռնեն, կրկնակի ուժեղանալու ենք. Սամսոնյան
Միքայել Մինասյանի թիմի նկատմամբ հստակ ուղղորդված քաղաքական պատվեր է իջեցված Նիկոլ Փաշինյանի կողմից, և Արա Սաղաթելյանը դրա զոհերից մեկն է, «5-րդ ալիքի» եթերում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Վերջին շրջանում Միքայել Մինասյանի թիմի նկատմամբ ուղղակի հետապնդումների հրահանգներն ու դրանց կատարումն անցել են բոլոր տեսակի բանականության սահմանները։ Հիմա մարդիկ անցել են ավելի բացահայտ խեղկատակությունների։ Այսինքն, Արա Սաղաթելյանը և մնացածը, ում ձերբակալել էին, մեղավոր էին զուտ նրա համար, որ VPN էին օգտագործել, որն, ըստ կապիտուլյանտի՝ շատ վտանգավոր երևույթ է հակապետական քայլ է, հետևաբար կարող են ասել, թե դու ես այդ ֆեյքը և վերջ։
Այդ ֆեյքի նման քանի ֆեյք գիտեք Նիկոլ Փաշինյանին սատարող, որ մեր նկատմամբ վերջին լուտանքներն են թափում, քանի՞սն են ձերբակալվել։ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ ինչպես իր մնացած հիմարությունները, այնպես էլ սա, հակառակ արդյունքն է տալու։ Անհնար է Միքայել Մինասյանի թիմը սրանով անգործության մատնել. մեզ ինչքան բռնեն, մենք կրկնակի ուժեղանալու ենք։ Եթե իրեն թվում է, որ մենք իր թիմի նման ոչնչությունների հավաքածու ենք, խիստ սխալվում է։ Մեզ սա ավելի է մոտիվացնում, և ոչ միայն մեզ, այլ ողջ քաղաքական դաշտին», - ասել է Սամսոնյանը։
Հաղորդավարի հարցին, թե ինչո՞ւ հենց Արա Սաղաթելյանը կալանավորվեց, Նարեկ Սամսոնյանը պատասխանել է, թե իր կարծիքով Սաղաթելյանն իրենց մեծ վնաս է տվել և տալիս։
«Արա Սաղաթելյանն անգամ բանտում լինելով է իրենց վնաս տալիս, որովհետև նա Հայաստանում, թերևս, ամենաստվերային, բայց ամենաշատը Ադրբեջանին վնաս տված քաղաքական գործիչներից մեկն է։ Երբ Սաղաթելյանը ղեկավարում էր հայտնի ՊՈԱԿ-ը, այն ֆեյքերի ՊՈԱԿ չէր կոչվում, այլ Ադրբեջանի ինտերնետ տարածքում այնպիսի աղմուկ էր բարձրացնում, որ այնտեղ շատ լուրջ ներքին գործողություններ էին տեղի ունենում։ Բացի այդ, նրանք մտածում են, որ Արա Սաղաթելյանին կալանավորելով՝ Միքայել Մինասյանի ողջ թիմը կպարալիզացվի։ Բայց դա Նիկոլի մանկական պատկերացումների տրամաբանությունից դուրս է։ Նիկոլ Փաշինյանը եթե Արա Սաղաթելյանի նման մի մարդ ունենար իր թիմում, այսօր այս օրին չէր լինի, բայց, բարեբախտաբար, Սաղաթելյանի նման մարդիկ կապիտուլյանտի հետ ճանապարհ չեն կարող անցել», - ասել է Սաամսոնյանը։