24/02/2021 20:01
Ո՞նց, «Իսկանդե՞րը»... մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ. ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ (Yerevan.Today)
Ռուսական ռազմարդյունաբերության և ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ Yerevan.Today-ը դիմել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանին։
Նա երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։ Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։
Ինչ վերաբերում է «Իսկանդերի» «թերի կրակոցով» ծառայողական քննություն սկսելուն, ԳՇ պետի առաջին տեղակալը ընդգծեց, որ նման բան չկա, որովհետև թերի կրակոց չի եղել։
Բարձրաստիճան ռազմական պաշտոնյան մի քանի անգամ հորդորեց, խնդրեց զգույշ վերաբերել այդպիսի զինատեսակի մասին մեկնաբանություններին և չմոռանալ ռազմական դաշնակցի հետ հարաբերություններին հետ կապված ավելորդ սրման տանող նրբությունների մասին: