24/02/2021 14:25
Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում 105 ռոյալ կտեղադրվի
«Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը: Նախագծի շրջանակում նախատեսվում է ցեղասպանության տարելիցին ընդառաջ համահայկական դրամահավաքի միջոցով ձեռքբերված 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Դրանք կնվագեն դասական արվեստի ստեղծագործություններ:
«Հիշատակի միջոցառումների ավարտից հետո, ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի երաժշտական դպրոցներին, այդ թվում՝ 10-ը՝ Արցախի Հանրապետության դպրոցներին:
2020-ին համավարակի բերումով ծրագիրը հետաձգվել էր: Այժմ այն իրագործվում է, մարտի 2-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կտրվի ծրագրի մեկնարկը: «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՍՄ, ԱԳ նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի մասնակցությամբ: Ծրագրին աջակցություն են հայտնել արվեստի ու մշակույթի մի խումբ հայտնի գործիչներ», - ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա նաև ավելացրել է, որ Կինոմոսկվայի հարևանությամբ շախմատի տեղում տեղադրված տաղավարը, միջոցառումների ավարտից հետո կապամոնտաժվի, և երեխաների սիրած շախմատը կվերադառնա իր տեղը: