25/02/2021 18:01
Մադուրոն վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին
Կարակասն այլևս երկխոսության մեջ չի մտնի Եվրամիության հետ, եթե այնտեղ պատժամիջոցների քաղաքականությունը չփոխվի, հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Երկուշաբթի Բրյուսելն ընդլայնել է Վենեսուելայի նկատմամբ սահմանափակումների ցուցակը՝ ընդգրկելով բարձրաստիճան զինվորականներ, Ազգային ընտրական խորհրդի անդամներ և նոր խորհրդարանի անդամներ «ժողովրդավարության և օրենքի գերակայությունը խարխլելու գործում ունեցած դերի և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար»: Ի պատասխան՝ ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարին վտարել են երկրից:
«Նրանք խառնվում են ներքին գործերին և ինչի՞ են սպասում: Որ մենք շնորհակալ կլինենք նրանց այն բանի համար, որ հարձակվում են մեզ վրա: Ո՛չ: Կա՛մ ուղղում եք (ձեր դիրքորոշումը՝ խմբ.), կա՛մ էլ ձեզ հետ այլևս գործարք չի լինի, պարոնայք Եվրամիությունից: Վենեսուելան գիտի ինչպես պատասխանել սպառնալիքներին՝ անկախ նրանից, թե որտեղից են դրանք գալիս», - եզրափակել է հանրապետության ղեկավարը: