25/02/2021 11:00
Ավտոմեքենան տապալել է «Կինո Հայրենիքի» հսկայական սյունն ու հայտնվել մայթին. վարորդը մահացել է. Լուսանկարներ. Shamshyan.com
Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Shamshyan.com -ը հայտնում է, որ ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Մարտին Դանիելյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայրենիքի» դիմաց բախվել է ստորգետնյա բետոնե պատնեշներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով, բախվել «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյուներից մեկին:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Կինո Հայրենիքի» աշխատակիցները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մինչ բժիշկների ժամանումը, «Կինո Հայրենիքի» աշխատակիցները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, որից հետո բժիշկները նրան արդեն տեղափոխել են հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի վայր են ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Ժամանել են նաև Երևանի քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի անդամներ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ Արսեն Հարութնունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Շտապօգնության բժիշկները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել են, որ վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մինչ վթարի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչը, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, ինչի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: