25/02/2021 11:35
Ոստիկանությանն ավելի քան 2 միլիարդ դրամ հատկացվեց. վարչապետը վստահեցրեց՝ նոր դիզայն է լինելու
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է ՀՀ ոստիկանությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 2 միլիարդ 161 միլիոն 600 հազար դրամ՝ 140 պարեկային ավտոմոբիլի ու պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի համար վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս որոշումը կապվում է պարեկային ոստիկանություն ունենալու իրենց նպատակադրման հետ։
Նրա խոսքով՝ նախատեսվում է այս ծրագիրն իրականանցել 2021 թվականի ամռանը ու, ըստ էության, հիմա ապագա պարեկային ոստիկանության աշխատակիցներն անցնում են ուսումնառության փուլ Ոստիկանության ակադեմիայում։
«Մենք հույս ունենք, որ պարեկային ոստիկանության ներդրմամբ նոր շունչ և ազդակ կհաղորդվի Ոստիկանության բարեփոխումների գործընթացին, ուզում եմ տեղեկացնել, որ լինելու են նոր ավտոմեքենաներ, նոր դիզայն, նոր ձևավորում», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ պարեկային ոստիկանությունում ավելի բարձր աշխատավարձ ստանալու որոշում են կայացրել։