25/02/2021 14:01
«Ոչ մի իմաստ չունի ձեզ հրապարակ հրավիրելը՝ բացի երկիրը հիմա էլ քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու նպատակից». Արմինե Օհանյանը՝ վարչապետի աջակիցներին
«Հրապարակ» թերթի խմբահիր Արմինե Օհանյանը դիմել է Նիկոլ Փաշինյանի աջակիցներին: Օհանյանը վերջիններիս կոչ է արել հրապարակ չգնալ, քանի որ դա հղի է բախումներով: Նա Փաշինյանի կողմնակիցներին առաջարկել է իրենց աջակցությունն արտահայտել առաջիկա ընտրությունների ժամանակ:
«Նիկոլ Փաշինյանի հարգելի՛ կողմնակիցներ, մի՛ գնացեք հրապարակ, դա հղի է բախումներով։ Եթե երկրի ղեկավարը դա չի գիտակցում, այդ պատասխանատվությունը մնում է ձեզնից յուրաքանչյուրի վրա․․․ Ոչ մի իմաստ չունի ձեզ հրապարակ հրավիրելը՝ բացի երկիրը հիմա էլ քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու նպատակից։ Ձեր աջակցությունը Նիկոլ Փաշինյանին և Քաղպայմանագրին կարտահայտեք առաջիկա ընտրությունների ժամանակ՝ կառաջադրվեն, կգնաք նրան ձայն կտաք։ Այս պահին ձեռնպահ մնացեք վտանգավոր ձեռնարկներին մասնակցելուց», - ֆեյսբուքյան էջում գրել է Օհանյանը։