25/02/2021 11:50
2020-ին ՀՀ կառավարությունն արդեն հայտնի հանգամանքների բերումով իրականացրել է ճգնաժամային կառավարում. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե քաղաքական արձանագրումը, որ արել են զեկույցում, հետևյալն է՝ 2020 թվականին ՀՀ կառավարությունը արդեն հայտնի հանգամանքների բերումով իրականացրել է ճգնաժամային կառավարում։
«Որովհետև 2020-ի մարտից մենք ճգնաժամային իրավիճակում ենք ու մենք ավելի շատ ամփոփում ենք ճգնաժամային կառավարման արդյունքների մասին, թե ինչ ենք կարողացել անել ու ինչ չենք կարողացել անել այս ընթացքում, իհարկե, նաև կառավարության ծրագրի որոշ դրույթների կատարման ընթացքի վերաբերյալ ենք զեկուցել», - ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, թե որոշման ընդունումից հետո որոշ խմբագրական փոփոխություններ կիրականացնեն ու վերջնական տեսքով կուղարկեն Ազգային ժողով։