26/02/2021 13:48
Փաշինյանին թվում է՝ գեներալ-լեյտենանտի կամ գեներալ-գնդապետի կոչումը «ծննդյան նվերի» կամ «անձնական երաշխիք ստանալու» պես մի բան է. Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանը զինծառայողների հավելավճարների բարձրացման հարցը հիշեցնելիս անուղղակի ակնարկում էր, որ իր «լավությունը» չի ընկալվել, ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է գեներալի ուսադիրների «շնորհմանը»։
«Իրեն թվում է, թե գեներալ-լեյտենանտի կամ գեներալ-գնդապետի կոչումը «ծննդյան նվերի» կամ որ ավելի վատ՝ «անձնական երաշխիք ստանալու» պես մի բան է։ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ մարդիկ ժամանակին զինվորականի մասնագիտություն ընտրելիս առաջնային կերպով սոցիալական երաշխիքներ չէին պահանջում, այդ մարդկանց համար առաջնահերթը գաղափարի մարտիկի իրենց առաքելությունն է։
Եթե դա այդպես չլիներ, ապա զինվորականները տասնամյակներով իրենց բնակավայրերից հեռու չէին ծառայի, ընտանիքներին Մատաղիս, Ջրական (Ջեբրայիլ) կամ Նոյեմբերյան չէին տեղափոխի», - գրել է Աբրահամյանը։
Նա ընդգծել է, որ սոցիալական երաշխիքները կարևոր են, բայց զինվորականների համար իրենց պատվից բարձր բան չկա։