01/03/2021 10:37
Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել. Աբրահամյան
Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց «Իսկանդեր»-ի շուրջ Հայաստանի իշխանության վտանգավոր հայտարարությունը և որոշակի ուղերձներ հղեց ռուսական կողմին, ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Դրանցից մեկը, թերևս, այն էր, որ մի կողմից Ալիևը գովաբանեց համալիրը, մյուս կողմից՝ իր նեղվածությունն արտահայտեց Հայաստանին ՌԴ-ից հատկացվող ռազմական աջակցության վերաբերյալ, իսկ վերջում նշեց, որ առաջիկայում լրացնելու/համալրելու են իրենց սպառազինությունը», - նշել է նա։
Աբրահամյանի խոսքով՝ շանտաժի, նեղվածության արտահայտման հիմնական նպատակը համեմատաբար էժան սպառազինության ստացման ակնկալիքն է ՌԴ-ից, և ինչու չէ, Հայաստանին վաճառվող զինտեխնիայի մասով որոշակի ճնշումների գործադրումը։
Կենտրոնի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը կփորձի թեման օգտագործել՝ ՌԴ-ից ստանալու նաև այնպիսի սպառազինություն, որոնց առ այս պահը ստանալ չի հաջողվել.
«Ադրբեջանը, ցավոք, երկարաժամկետ կտրվածքով շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել, ինչին նպաստում է ոչ միայն պատերազմի արդյունքում ստեղծված իրողությունները, այլ հետպատերազմյան փուլում ՀՀ իշխանությյունների վտանգավոր վարքագիծը»։