01/03/2021 14:33
Արժանապատիվ հայերը Հայոց բանակի կողքին են ու այս օրերին Ազգ-Բանակ են. Կամո Աթայան
Այն, ինչ տեղի էր ունենում վերջին ամիսներին, դժվար էր նույնիսկ պատկերացնել, կամ ամենավատ երազում տեսնել: Այո, հայ ժողովրդի հպարտությունն ու արժանապատվությունը վիրավորվեց: 44-օրյա պատերազմից ու ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո ոչ մի արժանապատիվ հայ իրեն չի կարողանում վերագտնել…
Ինչքան փորձում ես վերլուծել պարտության պատճառներն, այնքան ավելի ակնառու է դառնում խարդախության, դավաճանության, անկառավարելիության, անտարբերության, քաոսի և իրազեկ մարդկանց կողմից առաջադրվող այլ կասկածներ:
Ինչքան էլ փորձեն համոզել, որ հնարավոր էր առանց դավաճանության ու խարդախության գրավել Հադրութի շրջանը, Ավետարանոցի ենթաշրջանն ու հատկապես Շուշին՝ անիմաստ գործ է:
Անիմաստ է նաև փորձել այս կամ այն գյուղի վաշտի, գումարտակի վրա բարդել որևէ կարևոր բնագծի կորուստը: Չէ որ վաղուց, շատ վաղուց մենք ունենք Հայոց Բանակ և Արցախի պաշտպանության բանակ, որտեղ վաշտերը, գումարտակներն, և գնդերը տեղանքի անվանումների հետ էական կապ չունեն…
Ինչքան էլ փորձեն պնդել, որ ճիշտ է եղել հայկական բանակի կանոնավոր զորամասերն արցախյան ճակատ չտեղափոխելը, կրկնակի անգամ անիմաստ զբաղմունք է, քանզի նման մի կանոնավոր թարմ կորպուսը Ջաբրաիլի ճակատագրական ճեղքումն, ըստ էության, թույլ չէր տա:
Ինչքան էլ փորձեն ապացուցել, որ այսպիսի գիտատեխնոլոգիական պատերազմում ֆիդայական ջոկատներով կարելի էր հասնել հաջողության, թող ինձ շատ ներեն հայրենասեր մեր ջոկատայինները, բայց այս տեսակի պատերազմում միայն հայրենասիրությամբ, նվիրվածությամբ և նույնիսկ անձնազոհությամբ հաջողությունների չես հասնի: Անկասկած, նման իրավիճակում պահանջված էր ջոկատայինների ուժերով պահպանել ՀՀ սահմաններն, իսկ կանոնավոր բանակի ստորաբաժանումները տեղափոխել դեպի ճակատ…
Ինչքան էլ փորձեն արդարացնել կործանիչ ավիացիայի ստեղծման անհրաժեշտությունն, այս իրավիճակում, ու այս պահին, դա անիմաստ է: Բայց ահա այդ գումարով գնված ԱԹՍ-երը կարող էին հմուտ օգտագործման դեպքում պատերազմի ընթացք փոխել: Բացի դրանից նույն հաջողությամբ ես շատ եմ ցանկանում, որ մենք մեր զինանոցում այսօր օրինակ ատոմային զենք ունենաք…
Ինչքան էլ պնդեն, որ մեր զինանոցի ամենաճշգրիտ ու ամենազորեղ զինատեսակը՝ Իսկանդերը, օգտագործելուց աշխարհը մեզ կքննադատեր, այսպես մտածողն իսկական դավաճան է: Նման մտածողությամբ տականքներ, հաշվեք թե Շուշիի մերձակայքում ու քաղաքում ընթացած մարտերի ընթացքում ինչքան անմեղ զոհեր ենք ունեցել…
Բայց չէ որ գոյություն ունեն առաջնայնություններ ու գերակայություններ: Եթե քո համապատասխան ծառայությունները քնած չեն ու նույնիսկ հասանելի տեղեկատվությամբ հաղորդվում է հակառակորդի անօդաչու թռչող սարքերի միջոցով պատերազմի ելք վճռելու ցանկության մասին, ու քեզ տրված ալգորիթմով չես կարողանում երկու հակադիր խնդիր լուծել, այն է՝ նախ ձեռք բերել նույնատիպ կամ ավելի կատարելագործված ԱԹՍ-ներ, և բացի դրանից ունենալ դրանց խոցող արդիական համակարգեր՝ մասնավորապես ռուսական արտադրության Պանցիրներ, ապա դատապարտված ես:
Դրա փոխարեն օրակարգային ու առաջնահերթ լուծման հարց ես դարձնում, մասնավորապես, «վարտիք-անդրավարտիք» բնույթի «խիստ այժմեական» խնդիրներն ու «օպերատիվ» դրանք լուծում…
Ոչ մեկը չի կարող ապացուցել, որ եթե քաղաքական ղեկավարության անհարկի, անիմաստ ու անգրագետ միջամտությունները չլինեին, ապա մենք այս խայտառակ իրավիճակում կհայտնվեինք: Մեծ հավանականությամբ կլիներ հակառակը, քանզի մեր փորձառու հրամանատարներն իրենց վստահված տեղամասերում հակաքայլեր ու անհրաժեշտ տակտիկական լուծումներ հաստատ կգտնեին…
Ինչքան էլ փորձեն ապացուցել, որ կապիտուլյացիայի թուղթը եթե չստորագրեին՝ մենք շրջապատման մեջ տասնյակ հազարավոր զինվորներ կունենայինք, անիմաստ գործ է, մենք հիմնականում ամրացված առաջնագիծ ունեինք, որը խելոք քայլերով ու ռազմական հնարամտությամբ կարելի էր լրացուցիչ կանոնավոր ուժերով ու միջոցներով պահպանել…
Ինչքան էլ փորձեն համոզել, որ առանց մի կրակոցի Ակնայի, Քաշաթաղի, Բերձորի և Կովսականի անմատչելի ու հաջող պաշտպանություն կազմակերպելու և շատ երկար դիմադրելու հնարավորություններ ունեցող տարածքներ հանձնելը ճիշտ էր, բազմիցս անիմաստ գործ է ու նման կերպ մտածողները պարզապես հայրենիք պահել չեն կարող և պետք էլ չի նրանց Հայրենիքի սահմաններ վստահել…
Ինչքան էլ փորձեն ժողովրդին համոզել, որ հերոսական Սյունիքի սահմանների նման ձևով ճշտելն օրենքի ուժով ու պահանջով է, ապա ամոթ նման ձևով մտածողներին…
Վերջապես ինչքան էլ փորձեն Հայոց բանակի՝ այս Արևի տակ մեր լինելիության հիմնական երաշխավորի դերը մտածված կերպով նսեմացնել ու պարտության մեղքը նրա վրա բարդել, երիցս անիմաստ զբաղմունք է, քանզի Հայ ժողովուրդը այս տասնամյակներին իր ունեցած ամեն ինչն է ներդրել այդ նույն բանակի, ժամանակին հաղթանակած բանակի կայացման ու հզորացման համար:
Ու այդ պատճառով և համոզմունքով այս դժվարին օրերին և առմիշտ կանգնում եմ Հայոց բանակի կողքին՝ քանզի գտնում եմ, որ այն վերածնվելու և մեր ազգի համար դեռ իրական հաղթանակներ է կերտելու:
Արժանապատիվ հայերը Հայոց բանակի կողքին են, թև ու թիկունք են նրան, և այս օրերին առավել ևս Ազգ-Բանակ են:
Վերածնվող բանակն է Հայ ժողովուրդի բաղձալի ապագայի հիմնական երաշխավորը: