01/03/2021 20:43
Մենք նորից պետք է լինենք Ադրբեջանի ահ ու սարսափը, մեր բանակով պետք է մեր Հադրութը, Շուշին հետ բերենք. Տարոն Տոնոյան (Տեսանյութ)
Մեր ժողովուրդն աննախադեպ ծանր օրեր է ապրում, պատերազմում կորցրել ենք հայրենիքի մի ստվար հատված, կորցրել ենք Արցախի Հանրապետության 75 տոկոսը, մեր ուժերը ջլատված են, կորցրել ենք 5000-ից ավելի մատաղ, հերոս տղաներ, ունենք գերության մեջ քույրեր ու եղբայրներ, Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։
«Այս իշխանությունը, որ, ըստ բոլոր կանոնների, պետք է հրաժարական տար ու հեռանար, ընդհակառակը՝ մնաց ու շարունակում է մեր վերքերին աղ լցնել, սրանք վերք դարմանող չեն», - ասաց Տոնոյանը։
Բժիշկն ասաց՝ իշխանությունն ուզում է ապացուցել, որ իրենց համար իրենց աթոռն ավելի կարևոր է։
«Երբ փողոցում ճնշումն ավելացավ, նրանք կանչեցին երկխոսության՝ ընտրության գնալու, երբ, ըստ իրենց, թվաց, որ փողոցում մարեց շարժումը, նրանք ասացին, որ հանրային պահանջ չկա, սրանց մտածելակերպը փողոցայիհն մտածելակերպ է, իրենց համար զրոյի արժեք ունի հայրենիքի անվտանգությունը», - ասաց նա։
Տոնոյանի խոսքով՝ այս իշխանությունը երեք տարի շարունակ ազգը կիսել է, բանակը հեղինակազրկել է, հեղինակավոր մարդկանց, մտավորականների, գործարարների դարձրել են թալանչիներ ու պիտակներ կպցրել։
«Այսօր մեր վերքերին նորից աղ է լցնում այս հոգեկանը, խելագարը, ո՞վ է տեսել երկրի վարչապետը լինի երկրի ղեկավար ու հանրահավաք հրավիրի, ամենակարևորն եմ ուզում շեշտել՝ ուզում եմ մեկ անգամ ընդգծել՝ այս իշխանություններն իրենց աթոռն ավելի շատ են սիրում, քան մեր հայրենիքը, քան իրենց սեփական երեխաներին», - ասաց բժիշկ Տոնոյանը։
Տոնոյանն ասաց, թե պարտությունն էլ է տղամարդու համար, բայց այս իշխանությունը չի թողնում, որ պարտությունն էլ արժանապատվորեն տանեն։
«Բայց մենք տանելու ենք, որովհետև մենք հաղթելու տեսլականն ունենք, մենք հաղթելու միջոցն ունենք, այստեղ հավաքված են այն մարդիկ, ովքեր ունեն այդ հերոսությունը, որ մենք վաղը ազատագրենք Հադրութն ու Շուշին», - ասաց բժիշկ-ազատամարտիկը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքաը եկավ ապացուցլեու այն միտքը, որ ասում էին՝ «Նիկոլը չպետք է անցկացնի հաջորդ ընտրույթունները՝ օգտագործելով ամենատականք ձևով իր լծակները»։
Տոնոյանն ասաց, թե այս իշխանությունը հանուն իր աթոռի կհամագործակցի թե՛ Էրդողանի, թե՛ Ալիևի հետ։
«Ես սիրում եմ այստեղ կանգնած բոլոր մարդկանց, քանի որ բոլորի նպատակը մեկն է՝ ազատել Հայաստանը հայրենադավ նիկոլականներից։ Այսօր հավաքված այս ժողովուրդը վկայում է, որ մեր համար սրբության սրբոց՝ պետության ու նրա հիմքը հադիսացող հայոց բանակի կողքին ենք։ Մեր գեներալները զինվորի արյուն տեսած, զինվոր թաղած գերներալներ են, չես կարող իրենց ծնկի բերել, Նիկո՛լ, խելքի արի, մեր բանակը մեր կողքին է, մենք՝ բանակի կողքին։ Ազգ, բանակ, հաղթանակ», - հայտարարեց Տարոն Տոնոյանը։
«Մենք նորից պետք է լինենք Ադրբեջանի ահ ու սարսափը, մեր բանակով մենք պետք է մեր Հադրութը, Շուշին հետ բերենք, մենք անպարտ ենք, մենք կանգնելու ենք մինչև վերջ և, ես կարծում եմ, առանց Նիկոլ Հայաստանն այլևս ավարտված է, որովհետև այսօր Հայաստանն արդեն առանց Նիկոլ է», - ասաց բժիշկ-ազատամարտիկը։