02/03/2021 16:27
Պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ չունենք վնգստացող դատավորներ. ԲԴԽ նախագահ
Աժ-ում այսօր իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը ԲԴԽ նախագահին դիմելով՝ ասաց, որ վերջինս նոյեմբերի 15-ի իր ուղերձում չի սահմանափակվել մասնագիտական բառապաշարով և արել է հետևյալ հայտարարությունը. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։
«Գտնում եմ, որ այդ օրերին, երբ կրքերը բորբոքված էին, ես պարտավոր էի դատավորներին նման կոչով դիմել, որպեսզի որևէ կերպ դատարանները չքաղաքականացվեն և սա ավելի շատ սթափեցման կոչ էր, քան քաղաքական, ինչպես շատերը գնահատում են», - արձագանքելով պատգամավորին՝ ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
«Իմ կոչը և՛ տեղին էր, և՛ իր արդյունքին հասել է, որովհետև այսօր քան երբեք դատարաններն աշխատում են առավել անկախ», - ասաց նա։
Վարդազարյանը նշեց, որ օգտագործել է «վնգստացող դատավորներ» բառակապակցությունը, հաշվի առնելով, որ մեկուկես տարի շարունակ ամբողջ դատական համակարգն ալեկոծված էր այդ հարցադրումով.
«Ունե՞նք, թե՞ չունենք վնգստացող դատավորներ։ Ինձ բազմաթիվ դատավորներ այդ հարցը տվել են։ Ես գտնում եմ, որ մեկընդմիշտ պետք է պատասխան տրվի, այսօր էլ է այդ հարցն օրհասական, և մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ չունենք վնգստացող դատավորներ։ Ամեն ինչ պետք է անենք, որ այդ հարցն օրակարգից դուրս գա»։