02/03/2021 11:37
«Սպասում եմ դրան». Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ այսօր կամ վաղը կարող են հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ
Ես պնդում եմ, որ քաղաքական գործընթացի հանգուցալուծումը պետք է լինի ընտրությունների միջոցով, ՀՀ-ում այլ տարբերակ անհնար է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր արտահերթ ընտրությունների մասին, կարելի՞ է ակնկալել, որ խորհրդակցություններ կսկսեն և իշխանությունն ընտրությունների կգնա հուշագրի կնքման միջոցով, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Այո՛, կարող ենք ենթադրել։ Վստահ եմ, որ որոշակի քայլեր կձեռնարկվեն նաև այսօր և վաղը ձեր մատնանշած հայտարարությունն իրականություն դարձնելու համար»։
Հարցին, թե եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, օրինակ, չմիանա, ինչպես պնդում է Նաիրա Զոհրաբյանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Բոլորդ շատ լավ գիտեք, որ այնտեղ ասում է մեկ մարդ»։
Մյուս հարցին, թե այդ մեկ մարդու հետ խոսե՞լ են, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Ես չեմ բացառում, որ այսօր և վաղը նման խոսակցություն կարող է լինել։ Կարող է հանդիպում կամ այլ ձևաչափ լինի, բայց չեմ բացառում և սպասում եմ դրան»։