02/03/2021 15:52
ԱԺ-ն կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին դատապարտել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց չվերադարձնելու Ադրբեջանի վարքագիծը
ԱԺ-ն փակ նիստում քննարկեց «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Քվեարկությունը կլինի վաղը:
Նախագծով ՀՀ ԱԺ-ն արձանագրում է, որ պատերազմից անցել է շուրջ 4 ամիս, սակայն Ադրբեջանում գերության մեջ են զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, որոնց անհապաղ հայրենադրաձումը ռազմական գործողությունների ավարտից հետո, միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական-պահանջ է:
Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կիրառած միջանկյալ միջոցների պահանջները, թաքցնում է իր վերահսկողության տակ գտնվող հայ ռեզմագերիների և քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելիորեն ձգձգում նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը՝ փաստացիորեն նրանց վերածելով պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որևէ արդյունավետ միջոցից:
ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանում հայատյացության և կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների, և պահվող այլ անձանց հայրենադարձումը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի բացարձակ անթույլատրելի վարքածիը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում Ադբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը՝ վտանգելով մարդու իրավուքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունը:
ՀՀ ԱԺ-ն կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը, միջագային ու տարածաշրջանային իրավապաշատպան կազմակերպություններին, խիստ գնահատել և դատապարտել Ադրբեջանի վարքագիծը: