02/03/2021 10:34
Ներողություն եմ խնդրում. Արարատ Միրզոյանը՝ Անի Սամսոնյանին
Պարո՛ն Միրզոյան, հիշում եք չէ, որ մենք էլ ենք Ձեզ ընտրել որպես Ազգային ժողովի նախագահ, հիշում եք, չէ՞, ԱԺ հերթական քառօրյային Արարատ Միրզոյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
«Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ եք այդպես արհամարհական Ձեզ պահում այն խմբակցությունների նկատմամբ, որոնք ևս ընտրել են Ձեզ։ Ընդ որում, Ձեր պատասխանատվությունն ընդդիմության նկատմամբ ավելի մեծ է, քան՝ իշխանության նկատմամբ», - հայտարարեց Անի Սամսոնյանը։
Արձագանքելով նրան՝ Արարատ Միրզոյանն ասաց, թե իրեն մեղադրել արհամարհական վերաբերմունքի մեջ, տեղին չէ։
«Ընդհանրապես, ես այդպիսի վարքագիծ ջանում եմ չդրսևորել, դա ինձ հատուկ չի։ Բայց եթե որևէ կերպ իմ պահվածքում այդպիսի նշաններ եք զգացել, ես ներողություն եմ խնդրում», - ասաց Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին՝ ժամը 11-ին նախատեսված էր Ազգային ժողովի խորհրդի նիստ, որը, սակայն, չէր կայացել, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չէր բացել այն։