02/03/2021 09:43
«Ժողովուրդ». «Իմքայլական» պատգամավորի որդուն ծեծի է ենթարկել համայնքի ղեկավարը
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանն օրեր առաջ բռնություն է կիրառել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդիներից մեկի նկատմամբ:
Թերթի տեղեկություններով՝ միջադեպի պատճառ է եղել հենց այն հանգամանքը, որ տղան իմքայլական պատգամավորի որդին է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե ինչ է եղել գյուղապետի և պատգամավորի որդու միջև:
Թերթի հարցմանն ի պատասխան՝ Քրիստինե Պողոսյանը հաստատել է, որ նման միջադեպ է եղել, սակայն այլ մանրամասներ չի ցանկացել հայտնել՝ երևույթը թողնելով առանց մեկնաբանության:
Թերթը զրուցել է նաև Պտղնիի գյուղապետ Ռաֆայել Վիրաբյանի հետ, ով փորձել է հերքել, թե որևէ միջադեպ չի եղել:
«Ե՞ս եմ ծեծի ենթարկել, ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Ոչ մի միջադեպ էլ չի եղել, առաջին անգամ եմ լսում այդ մասին Ձեզանից», - ասել է նա:
Ամեն դեպքում, որքան էլ Պտղնիի գյուղապետը հերքել է տեղի ունեցածը, իշխանական պատգամավոր Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ միջադեպով զբաղվում է ոստիկանությունը: