02/03/2021 11:33
Փաշինյանը հեռանալու նշաններ ցույց չի տալիս. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքին վերաբերող մի շարք հարցեր է բարձրացրել:
«Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի կամ չէր հանձնարարել վարչական ռեսուրսների ողջ հնարավորություններն օգտագործելով 15-20 հզ մարդու ներկայությունը Հանրապետության հրապարակում ապահովելու համար։ Արդյո՞ք Փաշինյանը տեղյակ է, որ «մասովկան» ապահովվել է մեծ ճիգերի գնով՝ նույնիսկ տարբեր պաշտոնյաների ծառայողական մեքենաները որպես հավաքի վայր մարդկանց տեղափոխելու միջոց օգտագործելով։ Արդյո՞ք Փաշինյանը չգիտի կամ չի հիշում, թե քաղաքական ինչպիսի իրավիճակում է իշխանությունը ստիպված դիմում նման քայլերի։ Կարծում եմ՝ գիտի: Գիտի, բայց գնում է նման քայլերի, որովհետև այլ ճանապարհ այլևս չի մնացել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Աբրահամյանի խոսքով՝ քաղական պարտիան ավարտվել է, բայց Փաշինյանը հեռանալու նշաններ ցույց չի տալիս՝ դրանով խաղը տեղափոխում ոչ քաղաքական հարթություն։ Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը, ըստ փորձագետի, կարող է միայն կարճաժամկետ բնույթ կրել:
«Փաշինյանը կամ արագ կվերադառնա քաղաքական դաշտ՝ համապատասխան եզրահանգմամբ, կամ երկիրը վերջնականապես կկորցնենք», - գրել է նա: