02/03/2021 14:48
«Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին արգելել են տեսակցել հորը
Փաստաբան Բենիկ Գալստյանն այցելել է «Գագիկ Սողոմոնյանի» գործով «անհասկանալի պատճառներով կալանավորված Արամ Սարգսյանին»։
«Երեք անչափահաս երեխաների հայր Արամը շարունակում է կալանավորված մնալ ծայրահեղ անհեթեթ մեղադրանքով, ըստ որի՝ նրա միակ առնչությունը «Գագիկ Սողոմոնյանին» կայանում է նրանում, որ փետրվարի 18-ին և 19-ին նա «ProtonVPN» հավելվածի միջոցով Հայաստանից նույն համացանցային հասցեով, որով 2020թ. հոկտեմբերի 10-15 «Գագիկ Սողոմոնյան» օգտատերն է միացել «Ֆեյսբուքին», մուտք է գործել համացանց։
Ընդ որում՝ Արամը մուտք է գործել ոչ թե «Ֆեյսբուք», այլ՝ «Յութուբ»:
Դեռ ավելին՝ փետրվարի 18-ին և 19-ին այդ հասցեով Հայաստանից համացանցին միացել է մի քանի տասնյակ անձ, բայց չգիտես ինչու կալանավորվել է միայն Արամը։
Մեղադրանքի իրավական կողմի մասին չեմ էլ ուզում խոսել։ Կատարյալ անհեթեթություն է։ Բավարար է ասել, որ Արամ Սարգսյանը կալանավորված է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածով։ Իրավաբան գործընկերներս և լրագրողները շատ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։
Ավելի դժվար է Արամ Սարգսյանի ընտանիքի անդամներին բացատրել, թե ինչ գործով է կալանավորված Արամը։ Սակայն անհնար է Արամի երեք անչափահաս երեխաներին բացատրել նաև, թե ինչ պատճառով է քննիչն արգելել նրանց տեսակցել իրենց պապային։
Իմիջայլոց, Արամի պուճուրը երեկ դարձավ 5 տարեկան», - ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։
ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:
Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանն ազատ են արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։
ԱԱԾ-ն այս գործի մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։
Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: