03/03/2021 16:23
Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով 10 մարդ է մահացել
Հարավային Սուդանի Ջոնգլեյ նահանգի ղեկավարը հաստատել է տասը մարդու մահը՝ փոքր առևտրային օդանավի կործանման հետևանքով, հայտնում է «Anadolu»-ն:
Նահանգապետ Դենայ Ջոկ Չագորը հայտնել է, որ «South Supreme Airlines»-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել երեքշաբթի՝ տեղական ժամանակով 17:00-ին, Պիերիի օդանավակայանի մոտակայքում՝ Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբու թռչելուց անմիջապես հետո:
Նրա խոսքով՝ վթարի հետևանքով մահացել են երկու օդաչուներն ու ութ ուղևորները:
«Մենք աղոթում ենք նրանց ընտանիքների և հարազատների հետ միասին: Իմ անունից և Ջոնգլեյ նահանգի ժողովրդի և ամբողջ ազգի անունից ցավակցում եմ տուժած ընտանիքներին և ընկերներին այս վշտի ժամին», - գործակալությունը մեջբերում է նահանգապետի խոսքերը: