03/03/2021 09:51
«Ժողովուրդ». Իշխանականները որոշել են խորհրդարանի անկախ պատգամավորների հետ լեզու գտնել
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները, նպատակ ունենալով փոխել ՀՀ Սահմանադրությունը, ամեն ինչ անում են, որպեսզի խորհրդարանում կարողանան քվեարկություն ապահովել:
Բանն այն է, որ խորհրդարանը պետք է 88 կողմ ձայնով քվեարկի սահմանադրական փոփոխություններին, որի համար իշխանականները, այս օրերից սկսած, որոշել են խորհրդարանի անկախ պատգամավորների հետ լեզու գտնել, լավ հարաբերություններ փորձել ստեղծել: Երեկ մեր թղթակիցը նկատել է, որ, կարծես թե, այդ գործին լծել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արման Բոշյանին:
Պատգամավորը անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ տևական ժամանակ խորհրդարանի այգում քայլում ու զրուցում էր, կարծես թե ինչ-որ բան էր նրան համոզում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս հարցերի շուրջ զրուցել ԱԺ իմքայլական պատգամավոր Արման Բոշյանի հետ: «Մենք Ազգային ժողովի պատգամավորներ ենք, ովքեր ունեն մտահոգություններ տարբեր հարցերի վերաբերյալ, մենք, այո, մեր գործընկերների հետ քննարկում ենք և պարտավոր ենք քննարկել ընթացիկ իրավիճակը, մեր պատկերացումները, մեր մոտեցումները, համադրել դրանք իրար հետ ու փորձել լուծումներ գտնել», - հանդիպման վերաբերյալ ասել է Արման Բոշյանը:
Ըստ պատգամավորի՝ իրենք միշտ են նման քննարկումներ ունեցել իրենց գործընկերների հետ:
«Քննարկումները շարունակվելու են, ու ես կարծում եմ, որ մենք անպայման լուծումներ գտնելու ենք»,- եզրափակել է խոսքը պատգամավորը։