03/03/2021 12:03
Վրացական ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակը ջարդուփշուր անելու համար
Վրաստանի Գորի քաղաքում ջարդուփշուր են արել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակը. դեպքի համար կուսակցության անդամները մեղադրում են իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմնակիցներին, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով կուսակցության Գորիի կազմակերպության ղեկավար Բադրի Բասիշվիլիի հայտարարությանը:
«Որքան ես գիտեմ, դա խմբակային հարձակում էր գրասենյակի վրա: Ամենայն հավանականությամբ, նրանք «Վրացական երազանքի» ակտիվիստներ էին », - ասել է Բասիշվիլին:
Նրա խոսքով՝ դա 2012 թվականից ի վեր վեցերորդ նման դեպքն է: Քաղաքական գործիչը հավելել է նաև, որ բոլոր դեպքերը տեղի են ունեցել երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի օրոք:
Անհայտ անձինք երեքշաբթի երեկոյան՝ մարտի 2-ին, հարձակվել են կուսակցության գրասենյակի վրա: Իրավապահներին հաջողվել է բերման ենթարկել երկու մարդու:
Փետրվարի 23-ին ՆԳՆ պաշտոնյաները ձերբակալել են վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային՝ 2019 թվականի հունիսյան հանրահավաքում անկարգությունների գործի համատեքստում 40 հազար լարի (12 հազար դոլար) գրավ չվճարելու համար: