03/03/2021 11:20
Որտե՞ղ ու ի՞նչ պայմաններում է կիրառվել «Իսկանդերը», հնարավո՞ր է՝ «Իսկանդերի» 10 տոկոսը պայթի. ԳՇ-ն հրաժարվում է պատասխանել
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը հրաժարվում է տեղեկություն տրամադրել, թե, ի վերջո, որտե՞ղ ու ի՞նչ պայմաններում է կիրառվել «Իսկանդերը», հնարավո՞ր է՝ «Իսկանդերի» 10 տոկոսը պայթի, ինչպես նշել էր ՀՀ վարչապետն ու արդյոք «Իսկադները» խոտանված է կամ անորակ զինամթերքով է լիցքավորված։
Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբից պարզաբանել են. «Տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ կառավարության 1998թ. մարտի 13-ի N 173 որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ և 8-րդ կետերի պահանջները»։
Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է՝ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։
Ըստ ՀՀ կառավարության 1998թ. մարտի 13-ի N 173 որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ և 8-րդ կետերի պահանջների՝ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններն են զորքերի զորահավաքի ծավալման, մարդկային և տրանսպորտային ռեսուրսների զորահավաքի անցկացման, զորահավաքի ծավալումը կառավարելու համակարգի և զորքերը անձնակազմով համալրելու հնարավորությունների մասին, սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական, ֆինանսական միջոցներով, ինչպես նաև ռազմական փոխադրումներով ապահովելուն վերաբերող տեղեկությունները, զորքերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը, թիվը բացահայտող տեղեկությունները, որոնք ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման։
Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ։ «Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգրերոդ օրը», - ասել էր Սարգսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը՝ հարց ուղղելով երրորդ նախագահին։
«Իսկ, գուցե, պատասխանեն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է տասը տոկոսով, օրինակ», - հայտարարել էր Փաշինյանը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն այս թեմայի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ընդգծելով, որ «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում չեն օգտագործվել։
«Հայաստանի վարչապետին, հավանաբար, մոլորության մեջ են գցել», - նշել էին ՌԴ ՊՆ-ից։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևրոգյանն էլ հայտարարել էր՝ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել։