03/03/2021 18:07
ԱԺ շենքից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ:
Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:
«ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում:
Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ», - նշել է ՄԻՊ-ը: