03/03/2021 16:58
Ստեղծված իրավիճակը պայթյունավտանգ է, եթե նախագահը կատարի հետքայլ ու չդիմի Սահմանադրական դատարան. Արծվիկ Մինասյան
Նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել ենք բոլորի պահանջը, այն է՝ ստեղծված իրավիճակը պայթյունավտանգ է, եթե նախագահը կատարի հետքայլ ու չդիմի Սահմանադրական դատարան, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Հայոց բանակն ու ժողովուրդը միասնական են, ուստի, այս միասնականությունը չի կարող ու չպետք է զիջի մի անձի, ով փորձում է իր հակասահմանադրական, հակապետական, հակաազգային քայլերով թուլացնել ու, ի վերջո, վերջնական կորստի տանել մեր պետականությունը», - ասաց նա։
Մինասյանը նշեց, որ նախագահը պետք է հետևողական լինի, հակառակ դեպքում, թե՛ բանակը, թե՛ ժողովուրդը թույլ չի տալու ոչ միայն կառավարության, ոչ միայն նախագահի, այլև՝ բոլորի գործունեությունը։
Դաշնակցական գործչի խոսքով՝ նախագահը պետք է շարժվի առաջ ու դիմի ՍԴ։
Նրա խոսքով՝ նախագահն ասել է, որ առաջիկա ժամերի ընթացքում իր որոշումը կհայտնի։
«Այլ տարբերակ չի կարող լինել, քան Սահմանադրական դատարան դիմելը», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը։