03/03/2021 10:23
Լեռնային Ղարաբաղում ռուս սակրավորները վնասազերծել են մոտ 25 հազար պայթյունավտանգ առարկա
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման գումարտակի անձնակազմը շարունակում է աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը պայթյունավտանգ առարկաներից մաքրելու ուղղությամբ:
Մարտակերտ բնակավայրի ականազերծման ժամանակ ռուս սակրավորները վնասազերծել են 152 մմ-անոց ավելի քան 30 բեկորաֆուգասային հրետանային արկ:
Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1524 բնակարանային շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24994 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված առարկաները հանվել և ոչնչացվել են հատուկ սարքավորված «Բալիձա» զորավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ պայթեցման գործողությունների համար անհրաժեշտ անվտանգության բոլոր միջոցների պահպանմամբ: