03/03/2021 17:57
Վստահեցնում եմ, որ Ձեզ որևէ բանի տակից պետք չի լինելու դուրս գալ. Փոխվարչապետը՝ պատգամավորին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը խորհրդարանում հիշեցրեց վերջերս համացանցում տարածված եռակողմ հայտարարության մասին, որում, պատգամավորի խոսքով, սահմանվում էր հարաբերությունների կարգավորում, ինչը ներառում էր ՀՀ սահմանային հարցեր, Ացախի տարածքների հետ կապված հարաբերություններ, զորքերի տեղաշարժի վերաբերյալ հարցեր:
Իսկ Կապան քաղաքն, այդ հայտարարության մեջ թուրքերեն տարբերակով «Կաֆան» էր գրված՝ նշումով, որ հայերն առարկություն են ներկայացրել անվան հետ: Փաստաթղթը, սակայն, ստորագրված չէր:
Պատգամավորը կառավարության անդամներից հետաքրքրվեց՝ ստորագրվե՞լ է նման փաստաթուղթ, ո՞վ է ստորագրել կառավարությունից, ստորագրվել է որպես կառավարության կամքի արտահայտո՞ւմ, թե՞ սպառնալիքի ներքո կնքված փաստաթուղթ:
Ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցիտեց 2020թ. դեկտմեբրի 19-ի ՊՆ-ի հայտարարությունը՝ «համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր»:
«Անընդհատ նույն թեման քննարկելն ի՞նչ նոր բան է հայտնի դարձնելու, ավելին բացահայտելու բան չկա», - ավելացրեց Ավինյանը:
Սիմոնյանն էլ նկատեց, որ այդ փաստաթուղթը կիրառման կարելի էր դնել բացառապես ԱԺ-ի կողմից վավերացնելու պարագայում:
«Եթե չի արվել, և դուք որպես կառավարություն ինքնուրույն եք կազմակերպել և կիրառել, նշանակում է՝ քրեական օրենսգրքով սահմանված իշխանության յուրացում եք իրականցրել: Եթե պատասխանեք, որ այո, դա արել եք, ապագա սերունդներին այնպիսի վիճակի մեջ եք դնում, որ այդ փաստաթուղթը ստորագրած անձին կա՛մ հետագայում պետք է դատապարտեն՝ որպես հանցագործ, կա՛մ նրան պետք է որպես ոչ գործունակ անձնավոություն հեռացնել, որպեսզի ձեր ստորագրած փատաթղթի տակից որպես պետականություն իրավաբանորեն կարողնանաք դուրս գալ», - փոխվարչապետին ասաց պատգամավորը:
Ավինյանն էլ պատասխանեց.
«Վստահեցնում եմ, որ Ձեզ որևէ բանի տակից պետք չի լինելու դուրս գալ՝ ո՛չ իրավաբանորեն, ո՛չ էլ որևէ այլ կերպ: Վստահենցում եմ, որ տվյալ հարցի հետ կապված որևէ իրավական խնդիր չկա և չի լինելու»: