04/03/2021 09:40
«Հրապարակ». Սփյուռքի նախկին նախարարության նախկին աշխատակազմի ղեկավարը կուսակցություն է ստեղծում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը որոշել է կուսակցություն հիմնել։ Զաքարյանը, հիշեցնենք, մինչև 2020-ը ՀՀԿ անդամ էր, սակայն 2018-ից հետո հանդես էր գալիս հարազատ կուսակցության հասցեին քննադատական հոդվածներով։
Նա մեզ ասաց, որ կուսակցության հիմնադիր համագումարը նախատեսված էր անցկացնել փետրվարի 20-ին, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգել են ու երեկ նոր հայտարարություն են տվել՝ ապրիլի 3-ին անցկացնելու մասին։ Կուսակցությունը կոչվելու է «Կայունություն», գործելու է ձախ դաշտում։ «Սոցիալիստական բաղադրիչով հասարակարգի կառուցման, սոցիալական պետություն կառուցելու խնդիր է դնում իր առջև», - ասաց Զաքարյանը։
Նա թեև չցանկացավ փակագծեր բացել, թե ովքեր են անդամակցելու կուսակցությանը՝ արդյոք հանրությանը հայտնի անուններ կլինեն, բայց ասաց՝ կենսագրություն ունեցող, ճանապարհ անցած մարդիկ են լինելու։ Թերևս՝ իր ընկերական շրջանակից»։