05/03/2021 14:35
Կամո Աթայան. Մեր նոր իշխանությունները միայն միտինգի համար են կարողանում մոբլիզացնել մասսաներին. Սթափվել է պետք
Այո, սթափվել է պետք: Մեր վիճակը բոլորովին էլ նախանձելի չէ: Հիվանդ երևակայություն ունեցող մեկը, քաղաքական մի աճպարար, կարողացավ սուտ խոստումներով, անմակարդակ, էժանագին պոպուլիզմով և մատուցած ստակույտերով երկիրն իրենով անել, առանց ձևավորված ներքին ու արտաքին կոնկրետ օրակարգերի մոտ երեք տարի իմիտացիաներով ծաղրուծանակի ենթարկել խաբված մի ամբողջ ժողովրդի:
Եվ հայ ժողովուրդը, որի ցանկացած ներկայացուցիչ իմաստուն և խորագիտակ է անձնականին վերաբերող կամայական հարցում, մասնավորապես, հարսնացու ընտրելիս, առայսօր սովորություն ունի պրպտել, իմանալ յոթը պորտը, թափանցել դժվարամատչ խորխորատներ՝ իր պետության ճակատագիրը, պատերազմով ու արհավիրքներով, տասնամյակների մաքառումներով ձեռք բերածը, պահի տակ հանձնեց մի տգետ և ճղճղան պոպուլիստի ու… նույնիսկ խայտառակ պարտությունից հետո ամիսներ շարունակ չի կարողանում ազատվել նրանից…
Այո, թվում է թե խորը քնի մեջ ենք ու սա էլ դառը երազ է: Բայց ոչ: Պետությունները քանդվում են նաև այսպես: Բոլորովին էլ պարտադիր չէ, որ թշնամին հասնի Հանրապետության հրապարակ…
Իսկ գուցե այդտեղ օրերս «ոչ ինքնակամ» հավաքված «միտինգավորները» թշնամու ջրաղացին ջուր լցնողներ են, ու բոլորովին էլ կարիք չկա, որ թուրքը հասնի մայրաքաղաք…
Այլապես ասեք, խնդրեմ, թե բանականության, տրամաբանության, բարոյականության ո՞ր օրենքով է պարտված ու ժողովրդին պարտության տարած վարչապետը ռիսկ անում ոչ միայն դուրս գալ մարդամեջ, այլ նաև պետական «մոբիլիզացիայով» հազարավոր մարդկանց բերում հասցնում է հրապարակ ու «հին ու բարի օրերի» երգերի ելեվեջների ներքո կրկին զոմբիացնում նրանց ու տանում երթի…
Հաճախ համեմատություններ էին հնչում՝ նախկինների զգալի մասը գոնե մի դրական բան հստակ իրենց կենսագրության մեջ ունեն գրված, դա այն է, որ արցախյան ազատամարտի ժամանակ նաև իրենց մասնակցությամբ, ունեցած պատասխանատու կեցվածքով հնարավոր եղավ մեր պատմական հայրենիքի տարածքներից 12,5 հազար ք. կմ ազատագրել ու այդտեղ հռչակել Հայոց երկրորդ հանրապետությունը:
2018-ին իշխանության եկածները մեծ «համառությամբ» ու «անձնազոհությամբ», պառկելով փողոցներում, և հնարավոր-հնարավոր բոլոր ճանապարհներին՝ միայն «հերոսաբար» Երևանի փողոցներն էին հերթով գրավում… ու երկու տարի անց համայն հայության բոլոր ձեռքբերումներն, ազատագրած տարածքները, նույնիսկ Արցախի նախկին մարզի կես տարածքը թուրքին նվիրեցին…
Նրանց բացարձակ մեծամասնությունը ոչ միայն չի մասնակցել առաջին պատերազմին, այլև համեմատաբար խաղաղ հետապատերազմյա շրջանում տարբեր սողոսկումներով և «հիմնավորումներով» ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
1991-94 թթ. իշխանությունները կարողացան դժվարին իրավիճակներում կազմակերպված մոբլիզացիայի շնորհիվ, շատ բարդ պայմաններում զինված ուժեր ձևավորել ու հաղթել քանակապես ու զինվածությամբ բազմակի գերազանցող թշնամուն:
Մեր նոր իշխանությունները միայն միտինգի համար են կարողանում մոբլիզացնել մասսաներին, պատերազմական շրջանի ՄՈԲ-ը նրանք լիովին տապալեցին, որը և մեր պարտության պատճառներից մեկը դարձավ:
Լավ, մի՞թե մենք չենք կարողանալու սպանել մեր մեջ բույն դրած չարին ու թշնամուն, վերջ տալ կույր ատելությանը և ազատվել կուտակված թույնից, մի՞թե սթափ մտածողությունը լիովին ու անվերադարձ լքել է մեզ, ժամանակը չէ՞ արդյոք, որ մեր գիտակցությունը, բանականությունը պետականամետ ծիրում կրկին աշխատի…
Հայաստան պետությունն ազատ անկման մեջ է, մենք չունենք ոչ աշխատող տնտեսություն, ոչ էլ այնպիսի ռեսուրսներ, որ այս բարդ վիճակում վաճառենք ու կենսագործունեություն ապահովենք: «Ուսապարկերի» իշխանության օրոք մենք նման ենք այն ընտանիքին, որը հավեսով պարտքեր է վերցնում, առանց մտածելու, որ դրանք մի օր պետք է հետ վերադարձնի…
Հավատացեք այսպես շարունակելու դեպքում մենք դարերով երազած ու տասնամյակներով փայփայած պետականությունն ենք անվերադարձ կորցնելու: