05/03/2021 09:49
«Ժողովուրդ». Փոխմարզպետերի պաշտոնում նշանակված զինվորականները մեկը մյուսի հետևից հրաժարվում են պաշտոնից և կանգնում Գլխավոր շտաբի կողքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները դեռ 44-օրյա պատերազմից առաջ փոխմարզպետների հաստիքը ավելացրին ևս մեկով։ Նոր հաստիքում նշանակված փոխմարզպետները պետք է համակարգեին աշխարհազորայինների աշխատանքը, և նշանակվեցին հենց զինվորականներ։ Սակայն հիմա՝ պատերազմից հետո, այդ պաշտոնում նշանակված զինվորականները մեկը մյուսի հետևից հրաժարվում են պաշտոնից և կանգնում Գլխավոր շտաբի կողքին։
Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը, ևս 40 գեներալ ու գնդապետ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երեկ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը հայտարարություն էր տարածել, որ մասնակից լինելով պետականաշինության գործին, անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հրաժարվում է Վայոց ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է Արմավիրի մարզպետի տեղակալ Ալեքսան Ալեքսանյանի և Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումները։ Փոխմարզպետ է նաև Ռազմիկ Պետրոսյանը, սակայն նա աջակցում է իշխանություններին»։