17/03/2021 12:27
«Մարդն ինչքան գումար ունի, դրա համապատասխան կվիրավորի». ԱԺ-ն քննարկում է զրպարտություն և վիրավորանքի համար փոխհատուցման չափը
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Ալեն Սիմոնյանի նախաձեռնած՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն ԱԺ-ն ընդունել էր առաջին ընթերցմամբ։
Հիշեցնենք՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով վիրավորանքի համար առաջարկվում է 1 միլիոնի փոխարեն մինչև 5 միլիոն դրամ փոխհատուցման չափ սահմանել, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 10 միլիոն։ Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվել էր Ալեն Սիմոնյանի առաջարկած շեմերով։
«Այս ընթացքում գրավոր որևէ առաջարկ չի ներկայացվել, բայց իմ գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշում եմ կայացրել առաջին ընթերցմամբ ընդունված թվերը փոփոխել՝ 1000-ապատիկ թվերը փոխարինել 3000-ապատիկով, նախկինում առաջարկել էի 5000-ապատիկ, և հաջորդ մասով առաջարկված 2000-ապատիկ թվերը փոխարինել 6000-ապատիկ թվերով, նախկինում առաջարկել էի 10 000-ապատիկով։ Գորընկերների հետ քննարկման արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ բարձրացվող շեմի հարցում մի փոքր զիջում իրականացնենք», - ասաց Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ վիրավորանքի պարագայում 3000-ապատիկը և 6000-ապատիկ՝ զրպարտության պարագայում, այն թվերն են, որով դատարանը կարող է որոշում կայացնել։
«Խոսքը մինչև այդ թվերի մասին է, դա չի նշանակում, որ դատարանը պետք է հենց այդ թվերով որոշում կայացնի, դատարանը կարող է շատ ավելի նվազ չափով որոշում կայացնել», - ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարակից զեկուցող Արթուր Դավթյանը հայտարարեց, թե առաջարկվող շեմը ոչ թե տուգանք է, այլ՝ վնասի հատուցման ինստիտուտ.
«Առաջարկվող թիվը վերին շեմն է, որը կարող է սահմանել դատավորը վճիռ կայացնելիս։ Դատավորը կարող է 1 դրամ կամ 100 դրամ սահմանել, ըստ գործում եղած ապացույցների հետազոտման»։
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ սա լուծո՞ւմ է խնդիրը, այդուհետ ոչ ոք ոչ ոքի չի վիրավորի, թե՞ հնարավոր է, որ անընդհատ փոխհատուցման գումարը վճարի և վիրավորի։
«Իհարկե՛, մարդն ինչքան գումար ունի, դրա համապատասխան կվիրավորի, եթե նման ցանկություն ունի և այդ գումարն ունի ու պատրաստ է դրա համար ծախսել։ Բայց այն մարդիկ, ովքեր այդ շեմի գումար չունեն, կդադարեն այդ վարքագիծը դրսևորել», - ասաց Արթուր Դավթյանը։
Ինչ վերաբերում է ֆեյքերին, Արթուր Դավթյանն ասաց, թե դատարանը քննությամբ կպարզի, ա՞նձ է, թե՝ ֆեյք։
Հիշեցնենք՝ մի շարք լրագրողական կազմակերպություններ ավելի վաղ դեմ էին արտահայտվել այս փոփոխություններին։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը համոզմունք էր հայտնել, որ փոփոխությունները մահակ են դառնալու լրատվամիջոցների դեմ, իսկ զրպարտանքը շարունակելու է տարածվել անանուն պրոֆիլներից։