01/04/2021 11:44
Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհել Հայաստանի ազգային հերոսի կոչում. Էդմոն Մարուքյան
Երեկ՝ 2021թ. մարտի 31-ին, կյանքից հեռացավ Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Վստահաբար կարիք չկա ներկայացնելու Արցախյան պատերազմի ընթացքում, ինչպես նաև հետագայում մեր հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում Կոմանդոսի գործած սխրանքներն ու հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունները, այս մասին Facebook-ում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ըստ այդմ, վարչապետին առաջարկել եմ Հանրապետության նախագահին դիմել միջնորդությամբ՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին հայրենիքի պաշտպանության, Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար շնորհելու Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումը՝ հետմահու պարգևատրելով նրան Հայրենիքի շքանշանով», - գրել է նա: