06/04/2021 14:42
Դատարանը մերժել է Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
Դատարանը գտել է, որ պատասխանողների կողմից իր իրավունքները խախտելու վերաբերյալ հայցվոր Տիրան Խաչատրյանի փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու համար. իրավունքի խախտման վերաբերյալ փաստարկները կարող են դրվել սույն գործի շրջանակներում վիճարկվող հրամաններն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջների հիմքում, իսկ հայցի ապահովման միջոցների ձեռնարկում խնդրարկելիս անհրաժեշտ է հիմնավոր փաստարկներ ներկայացնել առ այն, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել գործով կայացվող դատական ակտի կատարման անհնարինությանը կամ կդժվարացնի դրա կատարումը:
«Դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում բացակայում է ներքին համոզմունք այն մասին, որ պատասխանողին բարենպաստ վարչական ակտ ընդունելու և Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասով հայցի ապահովման համար միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել տվյալ պահանջի շրջանակներում գործով կայացվող դատական ակտի կատարման անհնարինությանը կամ կդժվարացնի դրա կատարումը, ուստի Դատարանը գտնում է, որ հայցվոր Տիրան Խաչատրյանի կողմից ներկայացված հայցի ապահովման մասին միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման», - ասված է դատարանի որոշման մեջ։
Դատարանը նաև դատական նիստի օր է նշանակել. նիստը կկայանա մայիսի 4-ին՝ ժամը 11։30-ին։
Հայաստանի Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Խաչատրյանը ևս մեկ հայցադիմումն էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի։ Տիրան Խաչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՊՆ նախարարի՝ փետրվարի 26-ի հրամանը, որի համաձայն՝ ինքը թողնվել է կադրերի ռեզերվում։
Հիշեցնենք՝ Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից վարչապետի առաջարկությամբ։ Խաչատրյանն ազատվել էր այն բանից հետո, երբ արձագանքել էր «Իսկանդերի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասելով. «...ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել»։
Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ էր նշանակվել 2020 թ. հունիսի 15-ին։