09/04/2021 14:59
«Համբարձում Ղանդիլյանը» «վերադառնում է» Հայաստանի երկաթուղի
Ապրիլի 9-ին, Գյումրու լոկոմոտիվային դեպոյում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Համբարձում Ղանդիլյան» անվանական էլեկտրաքարշի շահագործմանը հանձնելու հանդիսավոր արարողությունը: 28 տարվա ընդմիջումից հետո հայկական երկաթուղու անփոխարինելի ղեկավարը կրկին «վերադարձավ» հարազատ ուղի:
Արարողությանը ներկա էին երկաթուղու վետերաններ, Ղանդիլյանի գործընկերները, ընկերները, ինչպես նաև զավակներն ու թոռները: Նրանցից ոմանք ՀԿԵ գործող աշխատակիցներ են:
Սա հայկական երկաթուղու նախկին ղեկավարների անունները կրող արդեն երկրորդ անվանական էլեկտրաքարշն է: Առաջինը՝ 2013-ին «Արարատ Խրիմյանն» էր:
«Համբարձում Ղանդիլյան» ՎԼ-10 1354 էլեկտրաքարշը կապիտալ վերանորոգվել է Հարավկովկասյան երկաթուղու Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում 2020 թվականին բացառապես ընկերության աշխատակիցների ուժերով:
Արարողության ժամանակ Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ասաց.
«Համբարձում Ղանդիլյանը իր ամբողջ կյանքը նվիրեց երկաթուղուն, այդ թվում ավելի քան 20 տարի Հայկական ՍՍՀ-ում: Նա շատ բան արեց պատմության դժվար, շրջադարձային փուլում Հայաստանի երկաթուղիները պահպանելու համար: Եվ այսօր մեր հիմնական խնդիրներից մեկը պատմական հիշողությունը պահպանելն է:
Երիտասարդ սերունդը պետք է իմանա անցյալի նվաճումների մասին և հպարտանա իր նախնիների ժառանգությամբ: Նույն շարքում, այս տարվա ընթացքում մենք նախատեսում ենք վերանորոգել Երկաթուղու թանգարանը, ինչպես նաև հրատարակել Հայաստանի երկաթուղիների պատմությանը նվիրված գիրք, որն ուղղված կլինի պատմության պահպանմանը և ժողովրդականացմանը»: