09/04/2021 13:25
Հայաստանում հրապարակային հայհոյելու համար կսահմանվի տուգանք 100-ից 150 հազար դրամի չափով
ՀՀ արդարադատության նախարարությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ է դրել հանրային քննարկման։
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լրացնել օրենսդրության մեջ առկա այն բացը, որը հնարավորություն չի տալիս իրավական պատասխանատվության ենթարկելու հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյած, անպարկեշտ ձևով վիրավորած անձին, եթե վերջինիս արարքը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ:
Ըստ նախագծի՝ հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը, եթե չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունմեկապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
«Զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) կարելի է ականատեսը լինել հայհոյանքի, որն իր բնույթով հրապարակային է: Հաշվի առնելով հայհոյանքի դրսևորման բնույթը, այն է՝ հրապարակայնությունը, առկա է այդպիսի վարգածիքը պետության կողմից համարժեք իրավական գնահատականի արժանացնելու խնդիր, քանզի հրապարակային հայհոյանքով խաթարվում են սոցիալական բնական հարաբերությունը, հասարակական համերաշխությունը»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որ հրապարակային հայհոյանքի կամ անպարկեշտ ձևով վիրավորանքի դեպքում, հստակ նշված այլ պայմանների առկայության դեպքում իհարկե, անձը ենթարկվի վարչական պատասխանատվության:
«Ընդ որում, Նախագծում առկա ձևակերպումներն այնպիսին են, որ բացառում են որակման հետ կապված հնարավոր խնդիրները, որոնք կարող էին առաջանալ քրեական և վարչական պատասխանատվության առումով: Ինչ վերաբերում է քաղաքացիական պատասխանատվությանը, ապա հրապարակային հայհոյանքի համար համար անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելը կամ այդպիսի գործընթաց սկսելը որևէ կերպ չի փոխկապակցվում կամ առավել ևս արգելակում վարչական պատասխանատվության գործընթացը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրավախախտման օբյեկտը տարբեր է. քաղաքացիականի դեպքում՝ անձի արժանապատվությունն է, իսկ վարչականի դեպքում՝ հասարակական կարգը: Ուստի, այս առումով, որևէ իրավական խնդիր չկա նաև անձին մեկ արարքի համար կրկին անգամ պատասխանատվության ենթարկելու արգելքի սկզբունքի հետ»։