12/04/2021 17:33
«Իմ նպատակն է՝ մեր զոհված տղաների ընտանիքները գոնե նյութական առումով ոչ մի բանի անհրաժեշտություն չունենան». Գերմանիայից ժամանած Սարդարյաններն այցելել են զոհվածների ընտանիքներին
Այս օրերին Գերմանիայի Համբուրգ քաղաքից Հայաստան են ժամանել ազգությամբ եզդի հայր և որդի Սարդարյանները: Գալու նպատակը մեկն է՝ անձամբ հանդիպել ու աջակցություն ցույց տալ այն ընտանիքներին, որոնց զավակներն անմահացան հանուն Արցախի գոյապայքարում:
Սուրեն և Սևդին Սարդարյանները ներկա պահին իրենց պապական Ջրաշենում են, որը 5 հայորդի է նվիրել պատերազմին: Մեկ ընտանիքի որդի էլ անհետ կորածների շարքում է:
«Բացի ֆինանսական օգնությունը, ես և հայրս որոշեցինք այդ ընտանիքների` նաև Սուրբ Զատիկի սեղանի հարցը լուծել: Առանց այդ էլ մարդիկ զավակներ են կորցրել, պետք է յուրաքանչյուրս ամեն ինչ անի, որ նրանք մի խնդիր, մի կեցաղային մտահոգություն պակաս ունենան: Իմ նպատակն է, որ մեր զոհված տղաների ընտանիքները գոնե նյութական առումով ոչ մի բանի անհրաժեշտություն չունենան: Նրանք պետք է զգան, որ անտեսված չեն, որ իրենց որդիներին քիչ թե շատ փոխարինողներ կան: Չէ՞ որ այն, ինչն իրենց զավակներն են արել հանուն ազգի՝ վեհ է, անփոխարինելի», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց որդին՝ Սևդին Սարդարյանը:
Սարդարյանները շուտով Գերմանիա կվերադառնան, սակայն 2-3 ամսից կրկին հայրենիք այցելելու նպատակով:
«Անելիք շատ կա», - ասում է Սևդինը, ում առավել շատ հուզել է ընտանիքներից երկուսի պատմությունը:
«Ընտանիքները, չնայած իրենց մեծ վշտին, մեզ շատ լավ ընդունեցին: Նստեցինք, զրուցեցինք, զավակների մասին հիշողություններ պատմեցին, լուսանկարները ցույց տվեցին... Ընտանիքներից մեկի որդին նշանառու էր, մայրը շատ դժվար է տանում տղայի կորուստը, ու դա ինձ վրա շատ ծանր ազդեցություն թողեց: Մի կին էլ կար, որ իսկական հերոսուհի-մայր է. զավակներից մեկը 1991 թվականին է զոհվել, մյուսը՝ 2020: Ինչպես մայրն է ասում՝ կրտսեր որդին գնացել էր ավագ եղբոր «մուռը» հանելու, ավաղ, այդպես էլ չվերադարձավ... », - պատմում է զրուցակիցս:
Պատերազմի օրերին էլ Սևդին Սարդարյանը ձեռքերը ծալած չի նստել. Գերմանիայում ցույցեր է կազմակերպել, մեկտեղ՝ օգնություն է ուղարկել Արցախում գտնվող զինվորներին: Գերմանիայում ծնված ու մեծացած երիտասարդը խոստովանում է՝ թեև Հայաստանն իր ծննդավայրը չէ, բայց հայրենիքն է, որի հետ ամուր թելերով է կապված:
«Նախկինում էլ եմ Հայաստան շուտ-շուտ եկել, բայց հիմա ավելի հաճախ կգամ: Շատ ծնողների աչքեր են արցունքոտվել վերջին շրջանում, ես և իմ նման շատերն ամեն ինչ անելու ենք, որ գոնե մի փոքր սփոփենք այդ ծնողներին», - զրույցը եզրափակում է Սևդինը: