12/04/2021 19:51
«Չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ». ՄԻՊ-ը հատուկ հայտարարություն է պատրաստում Բաքվում բացված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ
Պատրաստվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
«Այս պահին միայն արձանագրում ենք, որ տեղի ունեցածն ապացուցում է այն, ինչ մշտապես հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը. խաղաղասիրությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է` նախատեսված միջազգային հանրության համար»,- նշել են ՄԻՊ-ից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում այցելել էր արցախյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց այգի: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն: