14/04/2021 16:11
Կա՞ պոեմ՝ անհետ կորածների թվի, գուցե նովե՞լ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին. Միքայել Մինասյանի արձագանքը՝ Փաշինյանի քառատողին
Հետաքրքիր է՝ կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին։
Գուցե նովե՞լ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին։
Իսկ պատմվա՞ծք՝ անտառներում փտող մեր եղբայրների մարմինների մասին:
Կա՞ վեպ, որ կթեթևացնի գերիների տանջանքը։
Եվ ամենակարևորը. ինչո՞ւ ենք մենք այս ամոթի ու խայտառակության պատմությունը գրում մեր արյամբ ու արցունքներով», - գրել է Միքայել Մինասյանը։
Նշենք, որ այսօր խորհրդարանում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ ոչ թե ագրեսիվությամբ և վրեժով, այլ կարեկցանքով պետք է լցվել նման պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ, ապա արտասանել քառատողով.
«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,
Այդպես խղճում են մարդիկ խելացի
հոգեհիվանդի մռայլ վանդակից
իրեն հայհոյող խենթ արարածին»։